Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ զանգվածային անկարգություններին եւ անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած երկու անձ է ձերբակալվել՝ Ա.Գ.-ն ու Ս.Լ.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 14-ին ժամը 15:00-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ խախտելով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:

Այնուհետեւ անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների եւ հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետեւանքով տեւական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, ձերբակալվել են զանգվածային անկարգություններին եւ անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա.Գ.-ն ու Ս.Լ.-ն:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: