Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն, իրոք, լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, բանակցությունները կանգնած են, որովհետեւ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար։

«Մինչ այս փուլը, մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իորք, բանակցային պրոցեսում ակտիվություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար։

Բայց, ցավոք, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները եւ բանակցությունները, որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում», - ընդգծեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Հայաստանը, նրա խոսքով, հիմքում ունենալով Արցախի ղեկավարության պնդումները, կարող է ասել, որ պատրաստ է եւ մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։

Բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն նետի իր սին պատկերացումները, որ փոխզիջումները ենթադրում են միայն զիջումներ Ղարաբաղի կողմից. «Ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար ամենակարեւորագույն խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ միջազգային միջնորդները լիարժեք ընկալում են հայկական կողմի դիրքորոշումները: