Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկված 18 ուսանողներից մեկին՝ Գայանե Կիրակոսյանին քիչ առաջ ազատ արձակեցին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության բաժնի մոտ հավաքվածները ծափահարություններով են դիմավորել նրան:

Գայանե Կիրակոսյանը բավական հուզված էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրեն չեն բացատրել, թե ինչու են սահմանված 3 ժամից ավելի պահում:

«Շրջանայինից մեզ բերման ենթարկեցին: Ոստիկաններին թվում էր, թե այդ կերպ կխափանեն ուսանողների մասնակցությունը ցույցերին, բայց չեն գիտակցում, որ ուսանողությունն արդեն համախմբվել է եւ անպարտելի է»,- ասաց Գայանե Կիրակոսյանը:

Նշենք, որ այս պահին բերման ենթարկված 17 ուսանող դեռ ոստիկանության այս բաժնում է: Նրանք բերման են ենթարկվել այսօր վաղ առավոտյան Աբովյան փողոցից: Վերջին տվյալներով՝ այսօր 80 ցուցարար է բերման ենթարկվել: