Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված 82 քաղաքացիներից միայն 6-ն է մնացել ոստիկանության բաժանմունքներում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունուից:

Նշենք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժին բերման ենթարկված 18 ուսանողները մոտ 30 րոպե առաջ են ազատ արձակվել ավելի քան 9 ժամ ոստիկանությունում մնալուց հետո: Նրանք միացել են Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` ապրիլի 17-ի վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 59-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր կրկին Փաշինյանն ու կողմնակիցները փակել են Երեւանի կենտրոնական մի քանի փողոցներ, արգելափակել որոշ պետական շենքերի մուտքեր: