Այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մի կողմից շատ զայրացնում է, մյուս կողմից ահավոր խնդալու է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում եւ Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ։ Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող էին հռչակել թագավոր, կայսր կամ գալակտիկայի իմպերատոր։ Դա նույնքան ադեկվատ կլիներ, որքան Սերժ Սարգսյան ՀՀ վարչապետ արտահայտությունը»,- ասել է նա եւ հավելել. «Սերժ Սարգսյան ՀՀ վարչապետ չկա։ ՀՀ-ում Հանրապետական կուսակցության իշխանություն այս պահից չկա։ Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն եւ այն հենց հիմա այստեղ է՝ Հանրապետության հրապարակում»։
Ըստ Միրզոյանի, իշխանությունները խեղճ զինվորներին հավաքել են իրենց շուրջ եւ սպասում են, որ գնանք կռիվ անենք։ «Մենք շարունակում ենք հաստատել մեր իշխանությունը եւ թույլ չտալ նրանց իրականացնել իրենց ուզածը։ Մենք մտնում ենք այն շենքերը, որը ուզում ենք, ուզում ենք, փակում ենք, ուզում ենք բացում ենք։ Մենք ինչ ուզում, անում ենք»,- ասել է նա։




























