Ցանցային պայքարը հաջողության հիմնական գրավականն է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։
«Այսօր մենք բաներ ենք տեսել, որ նման բան չէինք տեսել։ Այսօր դպրոցականներն են սկսել հեղափոխությունը։ Դպրոցականները փակել են պախկված արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ճանապարհը»,- նշել է նա եւ հավելել. «Մենք երկար տարիներ հղում ենք տվել ուսանողների վրա, ասել՝ դուք եք շարժիչ ուժը։ Երբեւէ այսքան ուսանողներ տեսել եք։ Ուսանողները դառնում են լոկալ լիդերներ եւ անում գործողություններ, որ մենք չենք պատկերացնում։ Այսօր հիմնականում բերման էին ենթարկում ոստիկանության գնդապետները, որոնք գիտեն, որ շարքայինները ժողովրդի հետ են»։
Նա նշել է, որ շարունակելու են խաղաղ անհնազանդության մարտավարությամբ։
Արմեն Գրիգորյանն էլ նշել է, թե տեղեկություններ ունեն, որ տարածքում կան սադրիչների մեքենաներ։ «Ոչ ոք այս շարժումից բռնությա կոչեր երբեք չի անում։ Եթե ինչ-որ մեկը նման բան է անում, նա մեր հետ որեւէ կապ չունի»,- նշել է նա։




























