Ապրիլի 17-ի գիշերը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգություններից հետո բերման է ենթարկվել 7 անձ, որոնցից մեկn անչափահաս է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցիբ ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 1-ին, 2-րդ մասերով:

Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով եւ մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ:

Հարձակվողները ընդդիմության կոչերը չեն հնչեցրել, չի բացառվում, որ նրանք սադրիչներ լինեն։ Տարածքում նաեւ այլ երիտասարդներ կան, որոնք փորձում են կարգի հրավիրել ջարդարարությամբ զբաղվողներին:

Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, թե իր տպավորությամբ այդ գործողությունները սադրիչներ են իրականացրել։ Այդ անձինք նաեւ լրագրողի վրա էին հարձակվել, քաշքշել: Դեպքի վայր էր ժամանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որի հետ եւս այդ անձինք ագրեսիվ էին պահել իրենց:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սադրիչ խմբեր են հայտնվել, որոնք ցանկություն ունեն բռնություններ հրահրել: