Խիստ անթույլատրելի է Երեւանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը:

ՄԻՊ հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Արեւիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։

Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարեւոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։ Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների:

Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի կողմից ամփոփովել եւ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով եւ մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։

Հարձակվողները ընդդիմության կոչերը չեն հնչեցրել, չի բացառվում, որ նրանք սադրիչներ լինեն։ Տարածքում նաեւ այլ երիտասարդներ կան, որոնք փորձում են կարգի հրավիրել ջարդարարությամբ զբաղվողներին։

Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, թե իր տպավորությամբ այդ գործողությունները սադրիչներ են իրականացրել։ Այդ անձինք նաեւ լրագրողի վրա էին հարձակվել, քաշքշել։ Դեպքի վայր էր ժամանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որի հետ եւս այդ անձինք ագրեսիվ էին պահել իրենց։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սադրիչ խմբեր են հայտնվել, որոնք ցանկություն ունեն բռնություններ հրահրել։