Բերման են ենթարկվել մեծ թվով երիտասարդներ նաև ուսումնական հաստատությունների ու այգիների տարածքից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔՆ վանաձորի գրասենյակը:

«Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ահազանգեր են ստացվել, որ Երեւանի տարբեր մասերից ոստիկանները բերման են ենթարկում մեծ թվով երիտասարդների: Բերման են ենթարկվում հիմնականում ուսումնական հաստատությունների, այգիների տարածքից, որտեղ երիտասարդների կուտակումներ են նկատվում:

Տեղեկություններ կան Երեւանի Ֆրանսիայի հրապարակից, Մաշտոցի պողոտայից, Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մասին: Քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնի, Նոր Նորքի բաժիններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ոստիկանության փոխանցմամբ, այսօր՝ ժամը 21.00-ի դրությամբ բերման է ենթարկվել 68 քաղաքացի: