Նոր Նորք շրջանի Լեփսիուսի անվան դպրոցի աշակերտները եւ տնօրենը հակասական տեղեկություններ են տալիս ոստիկանության բաժին աշակերտների բերման ենթարկվելու մասին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել բարձրդասարանցիներին բերման ենթարկելու մասին՝ հարահավաքին մասնակցելու քարոզչություն անելու կասկածանքով, որը կազմակերպել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երեւանում այսօրվա ցույցերի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ ոստիկանները խոչընդոտում են նշված դպրոցի աշակերտներին դասադուլ անել:
Դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ դպրոցում ամեն ինչ կարգին է, բերման ենթարկվածներ չկան, սակայն հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել:
Մինչդեռ աշակերտները համաձայնվեցին խոսել, սակայն միանգամայն հակասական տեղեկություններ տվեցին: Աշակերտներից մեկը հայտնեց, որ դպրոցի տղաներից երկուսին ոստիկանները ձերբակալել են: Մյուսները պնդում էին, որ ուրիշ դպրոցի աշակերտներ են եղել՝ Դավթի անվան դպրոցի: Այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց:
Ականատեսներից մեկը պատմեց, որ ժամը մոտ 09:30-ին ոստիկանները դպրոց տանող ճանապարհը փակել են, որպեսզի բերման ենթարկեն հանրահավաքին մասնակցել քարոզող դեռահասներին:




























