Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության եւ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Նշենք, որ Երեւանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, եւ թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: