Երեւանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցներինէ  միացել դերասան Հովհաննես Ազոյանը։

Նա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բարձրացել է ամբիոն եւ ողջունել հավաքված բազմությանը։ Ազոյանը, սակայն, որեւէ կոչ չի արել, միայն ողջագուրվել է Փաշինյանի հետ։

Հանրահավաքը վարող Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե բացի Երեւանից բողոքի ակցիաներ են եղել նաեւ սփյուռքի եւ Հայաստանի քաղաքներում։ Գյումրիում, օրինակ, դպրոցներից մեկից հանել են Սերժ Սարգսյանի նկարը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն էլ ընթերցել է երեկ ԱԺ նիստում Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին քվեարկած պատգամավորների անունները։ Ցուցարարները սուլոցներով են լսել այդ անունները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: