Ոստիկանները հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի եւս մեկ մասնակցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:

Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նշենք, որ ապրիլի 17-ին ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով եւ մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ:

Հարձակվողները ընդդիմության կոչերը չեն հնչեցրել, չի բացառվում, որ նրանք սադրիչներ լինեն։ Տարածքում նաեւ այլ երիտասարդներ կան, որոնք փորձում են կարգի հրավիրել ջարդարարությամբ զբաղվողներին:

Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը NEWS.am-ին հայտնել էր, թե իր տպավորությամբ այդ գործողությունները սադրիչներ են իրականացրել։ Այդ անձինք նաեւ լրագրողի վրա էին հարձակվել, քաշքշել: Դեպքի վայր էր ժամանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որի հետ եւս այդ անձինք ագրեսիվ էին պահել իրենց:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սադրիչ խմբեր են հայտնվել, որոնք ցանկություն ունեն բռնություններ հրահրել: