Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Պաշտպանը կրկին շեշտում է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։
Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե»:
Նշենք, որ Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս բռնության ենթարկվելու մասին տեղեկությունները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրող Տիրայր Մուրադյանի վրա եւ ծեծի ենթարկել նրան: Տիրայր Մուրադյանը հիվանդանոց է տեղափոխվել: Մինչեւ հետազոտության պատասխանները (գլխի համակարգչային տոմոգրաֆիա, արյան ընդհանուր անալիզ և այլն) ստանալը նա հոսպիտալացված է:
Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Տիրայր Մուրադյանը բեյջ է կրել իսկ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել միջադեպին: Ինքը Տիրայր Մուրադյանը արդեն հիվանդանոցում հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել իր լրագրողական պարտականությունները կատարելիս: Լուսանկարում նրան ծեծի ենթարկողներն են:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:




























