Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելո մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Կարո Փայլանը օրինագծի հետ կապված նշել է, որ հայերը 103 տարի անց էլ պայքարում են արդարություն գտնել։ «Աշխարհում տասնյակ երկրների եւ նահանգների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Սակայն ցեղասպանության զոհերի երեք սերունդ առանց արդարություն գտնելու հեռանում է կյանքից։ Հայոց ցեղասպանության քննարկան տեղը հենց Թուրքիայի խորհրդարանն է, սակայն այնտեղ դրա բացակայության պատճառով այլ երկրի խորհրդարաններ են քննարկում»,-ասել է Փայլանը։

Հայ պատգամավորն առաջարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրվող պետական գործիչների անունները հեռացնել հասարակական վայրերին տրվող անունների ցանկից։

Փայլանը նաեւ կոչ է արել քաղաքացիություն շնորհել իրենց երկրից տեղահանված հայերի ժառանգներին։