«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Տեւական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության եւ վստահության ճգնաժամը՝  մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների  բուռն դժգոհության եւ ընդվզման ալիք են բարձրացրել: 

Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ  երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ  քաղաքացու հանդեպ պետք է բացառել   ուժի  որեւէ կիրառում: Բռնության ցանկացած դրսեւորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն  Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված  պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը: 

Կոչ ենք անում  իշխանությանը եւ ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձեւակերպված քաղաքական օրակարգով  սկսել  երկխոսություն ՝  ստեղծված իրավիճակը  հնարավորինս  անցնցում հանգուցալուծելու համար: