«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար անդամներից Ստյոպա Սաֆարյանը հայ-թուրքական արձանագրությունների եւ Սերժ Սարգսյանի վստահության հարցերով հանրաքվե նշանակելու պաշտոնական պահանջով դիմել են ՀՀ Կառավարությանը:

Նամակում մասնավորապես ասված է, որ «համաձայն Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում 26.12.2008թ, կատարված փոփոխությունների եւ լրացումների` իբրեւ ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման մեխանիզմ հանրաքվեի (համաժողովրդական քվեարկության) կարող են դրվել նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցեր (հոդված 1-ին, 1-ին մաս): Հիշյալ օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը, ով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ (3-րդ մաս)»:

«Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խմբակցության անունից դիմում ենք Ձեզ` իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, Հանրաքվեի մասին ՀՀ օրենքով Ձեզ վերապահված պատասախանատվությունն ու իրավունքը, այն է` նախաձեռնել եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով",- նշել են նամակի հեղինակները՝ միաժամանակ նկատելով, որ վարչապետին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան: