ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա նախորդ վարչակազմերի սխալները եւ այնքան ժամանակ ճնշում կգործադրի Փհենյանի վրա, մինչեւ ապամիջուկայնացում տեղի չունենա: Այս մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ իրեն ոգեշնչում է Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ղեկավարների միջեւ պատմական հանդիպումը եւ հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ իր առաջիկա հանդիպումը արդյունավետ կլինի: «Նպատակին հասնելու համար մենք չենք կրկնի նախորդ վարչակազմերի սխալները: Առավելագույն ճնշումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ապամիջուկայնացում տեղի չունենա: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպումը», - ասել է Թրամփը: