Հայաստանի եւ Վրաստանի սահմանին նոր կամուրջ կկառուցվի: Այն խորհրդանշական անվանում կունենա՝ «Բարեկամության կամուրջ», որի կառուցումը կհամաֆինանսավորեն Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ արդեն հայտնի է ընկերությունը, որը զբաղվելու է կամրջի շինարարությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նոր կամուրջը կառուցվելու է Սադախլո-Բագրատաշեն հսկիչ անցակետի տարածքում: Շինարարությանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD). այդ նպատակով բանկը Վրաստանին 6 մլն եվրո կհատկացնի:

Հավելենք, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 25-ին: Նախատեսվում է, որ այն կմեծացնի Սադախլո-Բագրատաշեն անցակետի թողունակությունը: