«Ես չէի ուզենա մեկնաբանել, թե ինչ է նկատի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակում, որն ուղղված է եղել մի շարք անձանց, այդ թվում նաեւ ինձ: Դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանը:

Կոնկրետ հարցին, թե այդ նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը գրե՞լ է, որ տալիս է իր վերջին քաղաքական հրաժարականը եւ հեռանում քաղաքականությունից, նա պատասխանեց. «Այդպիսի տպավորություն ես ստացել եմ»: Նրա խոսքով, Աստվածաշունչը անհամար մեկնաբանություններ ունի, նույնկերպ էլ կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանո՞վ է բացատրելի Ր. Հովհաննիսյանի նման վարքագիծը, երբ հարազատ կուսակցությունը պառակտվում է, իսկ ինքը լռում է, Վ. Խաչատրյանն արձագանքեց. «Ես խնդիր չեմ տեսնում, որ պետք է դատապարտել, կամ համաձայնություն տալ դրան: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն է, թե ինչն ինչպես վարվի: Որպես քաղաքական լիդեր, դա սեփական պատասխանատվության դաշտի տարր է: Այսինքն ամեն մեկը գործում է սեփական պատասխանատվության դաշտում»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» ղեկավար կազմին նամակ է գրել, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը պնդում է, որ այտեղ Ր. Հովհաննիսյանը գրել է, որ տալիս է իր կյանքի վերջին քաղաքական հրաժարականը եւ լքում է կուսակցությունը, իսկ «Ժառանգությունում» մնացածները ժխտում են դա: