Ադրբեջանում կալանավորված Աֆղան Սադիգովը արդեն չորրորդ օրն է՝ հացադուլի մեջ է: Նրա կինը՝ Սեւինջ Սադիգովան, Turan-ին ասել է, որ չի կարողանում իր ամուսնու վիճակի մասին տեղեկություն ստանալ:

Լրագրողը բողոքում է անհիմն քրեական հետապնդման եւ կամայականորեն բանտարկելու դեմ: Ինչպես հայտնել է Սադիգովան, մայիսի 1-ին իր ամուսինը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի Ադրբեջանի արդարադատության նախարարության ուղղիչ ծառայությունում եւ գլխավոր բժշկական վարչությունում անարխիայի դեմ:

Հիշեցնենք, որ Աֆղան Սադիգովը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 22-ին: Նրան մեղադրել են գործադիր իշխանության շենքում մի կնոջ հարվածելու մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ են ճանաչել:

2017 թվականի նոյեմբերին Ադրբեջանի գերագույն դատարանը Ա. Սադիգովի պատժաժամկետը կրճատել է 2,5-ից մինչեւ 1,5 տարվա ազատազրկման: Սակայն 2017-ի դեկտեմբերին նրա դեմ անվանարկման վերաբերյալ հայց է վերսկսվել: