Թերթը գրում է, թե Թուրքիան գնալով առավել հստակ է հայտարարում, որ Եվրամիությանն անդամակցությունը բնավ էլ թուրքական արտաքին իրողությունների առաջնահերթություն չէ, առավել եւս` այդ հանգամանքը այլեւս չի կարող որպես ճնշման միջոց կիրառվել Թուրքիային առնչվող հարցերում:
Այլ կերպ, քան մարտահրավեր Եվրոմիությանը, չի կարելի կոչել ամերիկյան «Newsweek» պարբերականում հունվարի տասնյոթին հրապարակված «Եվրոպայի հուսալի մարդը. Թուրքիան ունի այն ուժը, որի մեծագույն կարիքն ունի Եվրոպան» վերնագրված բաց նամակը, որ հեղինակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելին, նամակում Թուրքիան հայտարարում է ինքն իրեն որպես գլոբալ ուժ ընկալելու եւ համաշխարհային տնտեսության մեջ մեծ դերակատար լինելու պատկերացման մասին:
Եվրամիության առնչությամբ էլ, ըստ Էրդողանի, Թուրքիան այլեւս խնդրողի դերում չէ, ընդ որում, եվրոպացիներն, ըստ Թուրքիայի վարչապետի, պետք է հասկանան, որ թուրք-եվրոպական հարաբերությունները շրջադարձային փուլում են, որից հետո Թուրքիան այլեւս հանգիստ չի սպասի, թե երբ Եվրամիությունն իր առաջ դուռ կբացի: Թվարկելով սեփական երկրի հաջողությունները` Էրդողանը հավատացնում է, թե «Թուրքիան պայթում է այն էներգիայից, այն ուժից, որի մեծագույն կարիքն ունի Եվրոպան»:
…Այդուհետեւ Էրդողանը զգուշացնում է Եվրամիությանը, թե Թուրքիայի այսքան երկար սպասելը կապված էր տնտեսական կողմի հետ, սակայն «այսօրվա Թուրքիան տարբեր է. մենք այլեւս այն երկիրը չենք, որ կսպասի ԵՄ-ի դռանը` որպես հնազանդ հայցվոր»:





























