Երեքշաբթի Երկաթուղագործների պրոֆմիությունների համահնդկական ֆեդերացիան (AIRF) 72-ժամյա հացադուլ է հայտարարել՝ դաշնային իշխանություններից պահանջելով բարձրացնել ոլորտի աշխատակիցների նվազագույն աշխատավարձը, հայտարարել է AIRF-ի գլխավոր քարտուղար Շիվա Գոպալ Միշրան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չնայած Հնդկաստանի կառավարության եւ երկաթուղային տրանսպորտի նախարարության հավաստիացումներին եւ գրեթե երկամյա ժամկետի լրանալուն, մինչեւ հիմա ոչ մի արդյունավետ արդյունք ձեռք չի բերվել»,- նշված է ֆեդերացիայի կայքում հրապարակված Միշրայի հայտարարության մեջ:
Միշրայի խոսքով՝ այդ հավաստիացումները «2016-ի հունիսի 30-ին AIRF-ի եւ Կենտրոնական կառավարական այլ կազմակերպությունների ղեկավարների հետ նախարարների խմբի հանդիպման ժամանակ կատարվել էին հստակ ձեւակերպումներով»:
Կազմակերւպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս կապակցությամբ AIRF-ի հետ կապակցված բոլոր կառույցները մայիսի 8-ից 72-ժամյա հացադուլ կանցկացնեն, «որպեսզի Հնդկաստանի կառավարությանը դրդեն նշված խնդիրը լուծել առանց հետագա հետաձգման»:





























