ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը (www.caps.am) եւ Հայաստանի ռեստորանների ասոցիացիան (www.armenianrestaurants.am/) իրականացրել են վերապատրաստման դասընթաց՝ «Հյուրընկալության եւ ռեստորանային կառավարում» թեմայով։ Այդ նպատակով 4-րդ անգամ Հայաստան է հրավիրվել ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի եւ պետական համալսարանի Հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանին: Համարվում է, որ Պրոֆ. Խանը հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսում սպասարկման հմտությունների լավագույն գիտակներից է, եւ տիրապետում է այս ոլորտում լավագույն ծառայության եւ հաճախորդներին գոհ ճանապարհելու բոլոր գաղտնիքներին: Նա ոլորտի ղեկավարման տարբեր ճյուղերի վերաբերյալ նախկինում արդեն 6 դասընթաց իրականացրել է Հայաստանում, իսկ այժմ ներկայացրեց հավաստագրված մենեջմենտի ուսուցման սկզբունքորեն նոր ծրագիր` ռեստորանների, սննդի սպասարկման եւ հյուրընկալության ոլորտում հաջո¬ղության գրավական համարվող հմտությունների հիման վրա:
Դասընթացը տեղի ունեցավ հոկտեմբերին, ապա նոյեմբերի 1-ին անցկացվեց քննություն, որը հաջողությամբ հանձնած մասնակիցները հունվարի 18-ին USAID/CAPS ծրագրի գրասենյակում ստացան Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայից ուղարկված սերտիֆիկատները:
USAID/CAPS ծրագրի Աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերդյանի մեկնաբանությամբ՝ «մենք, այսպիսով, հյուրընկալության ոլորտի բարձրաստիճան ղեկավարներին եզակի հնարավորություն ընձեռեցինք ծանոթանալ միջազգային փորձին եւ գնահատել իրենց գիտելիքները Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայի չափանիշներով: Հիմա արդեն` սերտիֆիկատ ստանալուց հետո, նրանք կարող են շարունակել ուսումնառությունը եւ դառնալ միջազգային հավաստագիր ունեցող դասավանդողներ, եւ յուրացված փորձն, այդ ճանապարհով կարող է հաջողությամբ տարածվել ամբողջ ոլորտում»: Նրա խոսքերով, USAID/CAPS ծրագիրը նպաստում է այս բնագավառում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացմանը, որը հնարավոր է միայն ոլորտի բոլոր օղակների գործունեությունը վերապատրաստման միջոցով որակական նոր մակարդակի հասցնելու դեպքում:
Վերապատրաստմանը մասնակցել են ոլորտի մի շարք գլխավոր տնօրեններ այնպիսի հայտնի ռեստորաններից եւ հյուրանոցներից, ինչպիսիք են «Բրավո», «Ջազզվե», «Կակտուս», «Կաֆե Ցենտրալ», «Քլաբ», «Սքուեր Ուան», «Արթբրիջ», «Լըբուշոն», «Բաոբաբ» ռեստորանները, «Արթուրզ» հանգստյան տունը, «Գոլդն Թուլիփ Հոթել Երևան» եւ «Վայք» հյուրանոցները: Մասնակիցների գնահատմամբ, այն արդյունավետ էր ու լիովին անհրաժեշտ` սպասարկման ոլորտի արժեքավոր գիտելիքների եւ նոր հմտությունների ձեռքբերման առումով:




























