Չինական մասնավոր ուղեւորափոխադրումների DiDi օնլայն ծառայությունը 1 մլն յուան (160 հազար դոլար) պարգեւավճար է խոստացել վարորդի մասին տեղեկության դիմաց, ում կասկածում են կին ուղեւորի սպանության մեջ, հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Նշվում է, որ Լի ազգանունով աղջիկը օդանավի ուղեկցորդուհի է աշխատել եւ մայիսի 5-ի երեկոյան տաքսի է պատվիրել DiDi հավելվածի միջոցով:

Տաքսուց աղջիկն իր գործընկերներին գրել է, որ վարորդն այլասերված է. «Ասաց, որ ես շատ գեղեցիկ եմ, եւ որ ուզում է ինձ համբուրել: Լավ է, որ առջեւում չնստեցի»: Ընկերուհին խորհուրդ է տվել որեւէ մեկին զանգահարել եւ տպավորություն ստեղծել, որ իրեն ամուսինը դիմավորելու է:

Աղջկա ազգականները տագնապ են բարձրացրել, երբ նա չի եկել հարսանիքին եւ կապ չի հաստատել մտերիմների հետ: Նրանք դիմել են ոստիկանություն եւ DiDi: Աղջկա դիակը հայտնաբերվել է հաջորդ օրը՝ դանակով պատճառված բազմաթիվ վնասվածքներով: Նախնական տեղեկություններով մարդասպանը զոհին բռնաբարել է:

DiDi ընկերությունն ընդունել է ողբերգության համար իր պատասխանատվությունը եւ հրապարակայնորեն աղջկա ազգականներից ներողություն է խնդրել: Հավելվածի օպերատորը հրապարակել է ենթադրյալ մարդասպանի անունը, որն այդ երեկո աղջկան տեղափոխել է, նրա լուսանկարը, վկայականի համար եւ հեռախոսահամարը՝ հուսալով, որ այս տվյալները ինչ-որ ձեւով կօգնեն նրան բռնել: Իրավապահների վարկածով՝ վարորդը, որը սպանության գլխավոր կասկածյալն է, փախուստի մեջ է: