19-ամյա սուդանցի Նուրա Հուսեյնին մահապատժի են դատապարտել ամուսնու սպանության համար, որի հետ նրան ամուսնացրել էին իր կամքին հակառակ։
CNN–ի հաղորդմամբ՝ նրան ամուսնացրել էին, երբ նա դեռ 15 տարեկան էր։ Նրան հաջողվել էր փախչել եւ մոտ 3 տարի թաքնվել ընտանիքից։ Սակայն խաբեությամբ նրան վերադարձրել են հորը, որն էլ իր հերթին նրան փոխանցել էր ամուսնու ընտանիքին։ Վերջինս էլ բարեկամների օգնությամբ բռնաբարել է աղջկան։ Նրա եղբայրն ու հորեղբոր որդին պահել էին Նուրային, քանի դեռ նա բռնաբարում էր նրան։ Հաջորդ օրը նա փորձել է նույնը կրկնել, սակայն Նուրան դանակով հարվածել է նրան եւ փախչել իր ընտանիքի մոտ, նրանք էլ աղջկան հանձնել են ոստիկանությանը։
Նախօրեին էլ կայացվել է նրա մահապատժի վճիռը։
Այս գործը միջազգային ուշադրության է արժանացել։ Սոցցանցերում, որի շնորհիվ շատերը տեղեկացել են աղջկա գործի մասին, օգտատերերը սկսել են #JusticeforNoura եւ #SaveNoura հեշթեգեր տարածել՝ հույս ունենալով այդպիսով օգնել նրան։
Նշենք, որ համաձայն Սուդանի օրենքների ամուսնության օրինական տարիքը 10 տարեկանն է, իսկ ամուսնության ընթացքում բռնաբարությունը քրեական հանցագործություն չի համարվում։





























