Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ոստիկանները ձերբակալել են 85-ամյա թոշակառու կնոջ, որը Renault-ով տեղական նշանակության ճանապարհով ընթացել է 160 կմ/ժ արագությամբ, հայտնում է La Depeche du Midi պարբերականը:
Ճանապարհային երթեւեկության մասնակիցները կասկածելի ավտոմեքենայի մասին հայտնել են ոստիկանությանը: Իրավախախտի ավտոմեքենան գյուղական ավտոճանապարհով ընթանում էր ակներեւաբար բարձր արագությամբ՝ չկանգնելով «կանգ» նշանի մոտ եւ անտեսելով լուսացույցի կարմիր ազդանշանները:
Ոստիկանները ավտոմեքենան կանգնեցրել են Լո ու Գարոնա եւ Դորդոն դեպարտամենտների սահմանին: Ղեկին նստած կինը ոստիկաններին հայտնել է, որ Էյմեի իր տուն է ուղեւորվում: Նա երթեւեկության կանոնների խախտումը պարզաբանել է «վարելու հատուկ ոճով»:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ թոշակառուն նախկինում արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Այս անգամ նրան տուգանք է գրվել արագության գերազանցման համար: Կնոջը նաեւ վարորդական իրավունքից են զրկել եւ հիմա նրան սպասում են տեղական դատարանում:
Ֆրանսիայի ավտոճանապարհներին արագության առավելագույն սահմանափակումը կազմում է 130 կմ/ժ. այսպիսի ռեժիմ է գործում բարձր կարգի վճարովի ավտոմայրուղիներում: Գերազանցելու համար տուգանքը կազմում է 90 եվրո: Տեղական նշանակության ճանապարհներին արագությունը սահմանափակված է 80 կմ/ժ:




























