ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության առթիվ քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի բնակչուհի Հ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր ընկերուհու դրամապանակից 4000 ՀՀ դրամ գումար է հափշտակել, սակայն ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նույն բաժնի պաշտոնատար անձն իրենից պահանջել է բացատրություն տալ, որ գողացել է 10.000 ՀՀ դրամ: Հակառակ դեպքում սպառնացել է իր նկատմամբ բռնություն գործադրել:

Ի դեպ, ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը գերազանցող գումարի հափշտակությունը քրեորեն պատժելի արարք է համարվում: