«Սումմա» խմբի սեփականտեր Զիյավուդին Մահոմեդովին եւ նրա եղբայր Մահոմմեդին առաջադրվել է խարդախության, վատնման եւ հանցավոր միություն ստեղծելու մեղադրանք, հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Ռուսաստանի ՆԳՆ քննչական դեպարտամենտը Զիյավուդին Մահոմեդովին հանցագործությունների կատարման մեղադրանք է ներկայացրել ՌԴ ՔՕ «Խարդախության», «Յուրացման կամ վատնման», «Հանցավոր միության ստեղծման» եւ «Զենքի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, իրացման եւ կրման» հոդվածներով»,- ասել է Վոլկը:
Նրա խոսքով՝ խարդախության եւ հանցավոր միության ստեղծման մեղադրանք է առաջադրվել նաեւ «Սումմա» խմբի մեջ մտնող «Ինտեկս» ընկերության ղեկավար Արթուր Մաքսիդովին:
Զիյավուդին եւ Մահոմմեդ Մահոմեդովներին ձերբակալել են մարտի 30-ին եւ շուտով կալանավորել 2,5 մլրդ ռուբլի բյուջետային միջոցների հափշտակման կասկածանքով: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:
Քննիչի տեղեկություններով՝ դեռեւս չի պարզվել հափշտակված գումարի գտնվելու վայրը, որի մի մասը դուրս է բերվել օֆշորային ընկերությունների հաշիվներով:
Ըստ Forbes-ի՝ 2017 թվականին Զիյավուդին Մահոմեդովը մտել է Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի հարյուրյակի մեջ՝ 1,4 մլրդ կարողությամբ:





























