ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային սպասում է «խաղաղ եւ բարգավաճ» ապագա, եթե Փհենյանը հրաժարվի ռազմական միջուկային ծրագրից, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Վաշինգտոնում Հարավային Կորեայից գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում նա նշել է, որ եթե «Հյուսիսային Կորեան արագ ապամիջուկայնացմանն ուղղված վճռական քայլեր ձեռնարկի, ԱՄՆ-ն կաշխատի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հարավային Կորեայի բարեկամների հետ՝ երկրի բարգավաճումն ապահովելու համար»:

Պոմպեոն նաեւ հայտարարել է, որ հյուսիսկորեական բանտից երեք ամերիկացիների ազատ արձակումն օգնեց պայմաններ ստեղծել Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման համար, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում:

Հյուսիսային Կորեան, սակայն, առայժմ որեւէ կերպ չի ցուցադրել, որ պատրաստ է հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրից, որը Կիմերի դինաստիայի անձեռնմխելիության դե ֆակտո երաշխիքն է:

Մայք Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակը պարզ է. Հյուսիսային Կորեան պետք է զրկվի ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ ամբողջ աշխարհին միջուկային զենքով սպառնալու հնարավորությունից: