ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ու Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվան Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկել են Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ու Սեուլի եւ Փհենյանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը:

«Նախարար Կանը պատմել է Փհանմունջոմի հռչակագրի եւ Հյուսիսի ու Հարավի հարաբերությունների կարգավորման փորձերի մասին՝ ապամիջուկայնացման ընդհանուր նպատակին հասնելու համար»,- ասված է Ուայթի հաղորդագրությունում:

Կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջիկա բանակցությունները, որոնք նախանշված են հունիսի 12-ին, կհանգեցնեն պատմական դիվանագիտական լուծման: Խոսքը Հյուսիսային Կորեայի լիարժեք եւ անդառնալի ապամիջուկայնացումն է:

ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը նախանշված է հունիսի 12-ին Սինգապուրում: Սրանք ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին պաշտոնական բանակցություններն են: