Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովից հետո ղարաբաղյան տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը նվազել է: Հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նրա խոսքով, դա պայմանավորված է այն փաստով, որ գագաթաժողովի մասնակից երկրները հաստատեցին իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ: «Միեւնույն ժամանակ Ադրբեջանը, անկասկած, շարունակելու է ավելացնել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ չնվազեցնելով սպառազինվելու տեմպերը»,- հայտարարել է Տեր-Թադեւոսյանը:
Կոմանդոսի կարծիքով, Հայաստանը պետք է համարժեք քայլեր ձեռնարկի: «Պետք է առաջ մղել Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը: Կեղծիքը, թե հայերը ադրբեջանցիների են մորթել Խոջալուում, սպանել Նախիջեւանում, օկուպացրել Լեռնային Ղարաբաղն ու այլ անհեթեթեություններն այնքան են տարածվել, որ խանգարում են ղարաբաղյան հակամարտության էությունը հասկանալուն»,-ընդգծել է գեներալ-մայորը:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե որքանո՞վ է հնարավոր Ռուսաստանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը էներգետիկ շահերի ֆոնին, Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, թե Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանում ներկա երկրների մեծ մասը, շահագրգռված է ադրբեջանական էներգակիրների հարցում:
Ամփոփելով՝ գեներալը նշել է, թե առաջիկա 10-15 տարիների ընթացքում ղարաբաղյան հարցը չի կարգավորվելու:





























