Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը…

Ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Նա հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկման ժամանակ Աբովյան փողոցում տեղի ունեցած հարձակման ընթացքում տուժած երեք երիտասարդներից է:

Հուլիսի 3-ին երեք տուժած երիտասարդներից երկուսը հրավիրվել էին ոստիկանություն, եւ այնտեղ նրանց ասել էին, որ իրենք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դրանից հետո Տիգրանին ձերբակալել են:

Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը հուլիսի 6-ին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը։

«Հայաստանում Հանրապետությունում հաստատված հանցավոր ռեժիմը շարունակում է իր ապօրինությունների շարքը: Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը: ՀՀ „իշխանությունների“ կողմից կատարված այս հանցագործությունը հատկանշական է նրանով, որ նրանք կանգ չեն առնում և ոչ մի հանգամանքի առաջ, նույնիսկ` ՀՀ Սահմանադրության ընդունման տոնակատարության օրը նրանց չի զսպում ապօրինություններ գործելուց: Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ և ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով:

Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ պետականության և մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված այս հանցագործությունը, ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը և հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը մեր կրկնապատկելու են մեր ջանքերը` օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար», — ընդգծում են հայտարարության հեղինակները: