Երուսաղեմում կայացել է ԱՄՆ դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը: ԱՄՆ դեսպանատան ցուցատախտակից վարագույրը իջեցրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, ինչից հետո ԱՄՆ նախագահի դուստր եւ Սպիտակ տան խորհրդատու Իվանկա Թրամփը հայտարարել  է Երուսաղեմում ԱՄՆ առաջին դեսպանատան բացման մասին:

Նշենք, որ դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Իսրայելի եւ Պաղեստինի սահմանին պաղեստինցիների մասնակցությամբ արյունալի ցույցերի ֆոնին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմից կրակոցների հետեւանքով արդեն 41 պաղեստինցի է սպանվել, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, ընդ որում, նրանց գրեթե կեսը հրազենային վնասվածք է ստացել:

Ողջունելով հյուրերին՝ ԱՄՆ դեսպան Դեվիդ Ֆրիդմանը նշել է, որ ԱՄՆ-ն վերջապես արեց հաջորդ քայլը: «Այսօր մենք բացում ենք Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմում՝ Իսրայելում: Եվ կրկին ԱՄՆ-ն առաջին ազգն է, ով արեց դա»,- նշել է դեսպանը: 



Տեսաուղերձով հյուրերին է դիմել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը նախկինի պես խաղաղությունն է: Թրամփի խոսքով՝ նա ցանկանում է բարեկամության ձեռք մեկնել իսրայելցիներին, պաղեստինցիներին եւ նրանց հարեւաններին:
 

«Տարիներ շարունակ մենք չենք ճանաչել մի ակնհայտ, պարզ իրողություն, որ Իսրայելի մայրաքաղաքը  Երուսաղեմն է: Միացյալ Նահանգները միշտ կմնան Իսրայելի լավագույն բարեկամն ու գործընկերը ազատության եւ խաղաղության գործում: Թող խաղաղություն լինի: Թող Աստված օրհնի այս դեսպանատունը: Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ով ծառայում է այնտեղ եւ թող Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասել է Թրամփը: