Հյուսիսային Կորեան սկսել է Փհունգերի միջուկային զինավարժարանի փակումը, որի արարողությունը նախատեսված է մայիսի 23-25-ը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան 38North կայքը՝ վկայակոչելով մայիսի 7-ին արված լուսանկարները։

«Մայիսի 7-ի արբանյակային լուսանկարները  համոզիչ ապացույց են, որ փորձարարական զինավարժարանի ապամոնտաժումը ընթանում է ամբողջ թափով»,–գրում է պարբերականը։

Պորտալը հաստատում է, որ քանդվել են շահագործման աջակցության համար նախատեսված մի քանի շենքեր։ Նաեւ ապամոնտաժվել են վագոնիկների  ռելսերը։

Մի քանի նշանակալի շենքեր՝ հրամանատարական կենտրոնը եւ վարչական աջակցության շենքը չեն քանդվել։ Բաց են մնում թունելների մուտքերը։ Հավանական է, որ փակման արարողությանը ներկա կգտնվեն միջազգային լրագրողները եւ այդ ժամանակ պայթյունի միջոցով կփակվեն բոլոր թունելները։