Թեխասի Սանտա Ֆե քաղաքի միջնակարգ դպրոցում կրակոցների արդյունքում տասը մարդ է զոհվել, եւս տասը վիրավորվել է: Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Գրեգ Էբբոթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ծանր սրտով ես հաստատում եմ, որ այս պահին տասը մարդ է զոհվել, եւս տասը մարդ վիրավորվել է», -ասուլիսին ասել է նա:
Նախկինում ոստիկանությունը հաղորդել էր, որ հրաձիգը ձերբակալվել է: ԶԼՄ-ների համաձայն՝ նա 17-ամյա Դիմիտրիոս Պագուրտիզն է:
Նահանգապետը նաեւ հաղորդել է, որ հրաձիգի տանը եւ մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր եւ Մոլոտովի կոկտեյլներ:
«Հրաձգությունից հետո նա ուզում էր ինքնասպան լինել, բայց չի համարձակվել», — ասել է Էբբոթը:
Հանցագործի դրդապատճառները հայտնի չեն:
Նահանգապետը նաեւ ասել է, որ հանցագործություն կատարելու համար երիտասարդը հրացան եւ 38 տրամաչափի ատրճանակ է օգտագործել, որը նա վերցրել է իր հորից: Զենքը նախկինում ձեռք է բերվել օրինական ճանապարհով:




























