Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ համախմբված թիմ է եւ պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ ԱԳՆ մամուլի վարչության փոխանցմամբ, ԱԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու է համաձայնվել մաս կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ «Մեր կյանքում բոլորս կրում ենք պատասխանատվություն, եւ պատասխանատվությունն այս երկրի համար է, պատասխանատվությունն այս հիասքանչ մթնոլորտի համար է, որ այս երկրում կա բոլոր ժամանակներում: Հատկապես, երբ նայում եմ Ձեզ՝ երիտասարդներիդ, շատ ոգեւորված եմ ինձ զգում, որովհետեւ մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ՝ նաեւ իմ փորձից ելնելով: Աշխատանքի բերումով ապրել եմ բազմաթիվ երկրներում, միշտ տեսել եմ այս երկրի այդ որակը, որ ինձ հսկայական ոգեւորություն է տվել. դա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է եւ պարտավորությունը»,- ասել է նախարարը:
Հարցին, այս օրերի աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ իրեն վստահություն ներշնչե՞լ է, Մնացականյանը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, շատ համախմբված թիմ է եւ պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում»: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ վարչապետի հետ ամեն հարցի շուրջ քննարկումներ են ունենում։





























