Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է հանրային աջակցություն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցին՝ հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ նախաստորագրված արձանագրություններում եւ ծանո՞թ է արդյոք արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստաթղթերի վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկներին, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. "Երկու երկրների ներկայացուցիչները, մինչեւ արձանագրությունները նման տեսքի բերելը, երկար խորհրդակցել են, եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով չեն ընդգրկվել փաստաթղթերում, եւ արդյունքում հանրության դատին է ներկայացվել երկու արձանագրություն հենց նրա համար, որ քաղաքական ուժերն ու ժողովուրդը կարծիք ձեւավորեն եւ արտահայտեն այն՝ խորհրդարանում դրանք վավերացնելու ժամանակ: Եթե փաստաթղթերը չստանան հանրության եւ քաղաքական ուժերի աջակցությունը, ապա, խորհրդարանը կմերժի դրանք, եւ ընդհակառակը: Ընդ որում Նալբանդյանն այդպես էլ պատասխան չտվեց հարցին՝ կարո՞ղ են արձանագրությունները ենթարկվել փոփոխությունների՝ մինչեւ ստորագումը, իսկ եթե ոչ, ինչու են քաղաքական ուժերն այդքան ջանք թափում եւ առաջարկներ մշակում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ արձանագրությունները պիտի վավերացվեն խորհրդարանում, եթե Հայաստանում նման փորձ չկա, Նալբանդյանը հայտարարեց. «Ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները չեն վավերացվում հայկական խորհրդարանում, բայց հաշվի առնելով աննախադեպության պահը, երկու երկրներն էլ իրավաչափ գտան խորհրդարանների կողմից վավերացվելու պահանջը: Դա չի հակասում ո՛չ հայաստանյան օրենսդրությանը, ո՛չ միջազգային նորմերին: Եթե մի գեղեցիկ օր հնարավոր լինի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, կարծում եմ, ճիշտ կլինի, որ այդ մասին համաձայնագիրը վավերացվի խորհրդարանում»:
Նախարարը մեկ անգամ եւս փորձեց ցրել այն քաղաքական ուժերի կասկածները, որոնք կարծում են, որ արձանագրությունների վավերացումը կարող է կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը: «Դեռ Խորհրդային Հայաստանում հայտարարություն է ընդունվել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, եւ այդ հայտարարությունը դեռ ուժի մեջ է: Արձանագրությունների ստորագրումը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը: Դա բազմիցս նշվել է Հայաստանի նախագահի կողմից, եւ այժմ ես կրկին հայտարարում եմ այդ մասին», ընդգծեց Նալբանդյանը: Խոսելով հայ-թուրքական գիտական ենթահանձնաժողովի մասին, որը, համաձայն նախաստորագրված արձանագրությունների, ուսումնասիրելու է երկու երկրների միջեւ պատմական խնդիրները, Նալբանդյանը ընդգծեց, որ ենթահանձնաժողովը սկսելու է իր գործունեությունը միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանների բացումից հետո:




























