Ուկրաինայում դեֆոլտի կարող են հանգեցնել տնտեսական դանդաղ աճը, բարեփոխումների անցկացման անբավարար տեմպը, իսկ ահռելի արտաքին պարտքը կարող է դառնալ դրա «ձգանը»: Այս մասին հայտնում է ուկրաինական «Ապոստրոֆ» պարբերականը՝ վկայակոչելով փորձագետներին:
Արդյունավետ կարգավորման գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ ոչ մի սցենար չի տեսնում, որի դեպքում Ուկրաինան կկարողանար պարտքը մարել առանց արտաքին օգնության:
«Սա շատ նման է նախադեֆոլտային իրավիճակի, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է արտաքին փոխառություն վերցնել»,- նշել է նա:
Փորձագետները համոզված են, որ հարկ է ֆինանսական օգնություն սպասել Արժույթի միջազգային հիմնադրամից:
«Ուկրաինայի համար անչափ դժվար կլինի 2019 թվականին պարտքի մարումը, եթե ԱՄՀ-ն վարկերը չերկարաձգի: Եթե ԱՄՀ-ն չերկարաձգի, ապա դեֆոլտի հավանականությունը կազմում է 99 տոկոս»,- ասել է Ուկրաինական ֆինանսական վերլուծաբանների միության գործկոմի անդամ Վիտալի Շապրանը:
Նրա կարծիքով՝ ԱՄՀ-ն շահագրգռված չէ, որ իր հովանավորյալը Եվրոպայում ճգնաժամի կենտրոն դառնա:





























