61-ամյա ամերիկացի աճպարար Դեվիդ Կոպերֆիլդը չի վճարելու կամավորի բուժման եւ բարոյական վնասի փոխհատուցման համար, որը վնասվածքներ էր ստացել վերջինիս աճպարարական հնարքի ժամանակ, գրում է Cosmo-ն:

2016 թվականին բրիտանացի Գեվին Քոքսը դատի էր տվել Դեվիդ Կոպերֆիլդին: Նա պնդում էր, որ 2013-ին Լաս Վեգասում մասնակցել է աճպարարի շոուին: Իրեն եւ մյուս մասնակիցներին անցկացրել են հատուկ թունելի միջով, որտեղ նա ընկել է, վնասել ձեռքը եւ գլխի վնասվածք է ստացել: Հետեւանքների բուժման համար Գեվինն ավելի քան 400 հազար դոլար է ծախսել: Կոպերֆիլդից պահանջում էին փոխհատուցել հասցված վնասի համար:

Դատավարության պատճառով Կոպերֆիլդը ստիպված էր բացահայտել իր ամենահայտնի հնարքներից մեկի գաղտնիքը: Աճպարարի ներկայացուցիր Քրիս Քեները պատմել էր, որ մասնակիցներին տանում են սեւ վարագույրներով պատված մութ միջանցնքներով, սակայն այնտեղ չկա մի բան, ինչից կարելի է բռնվել, եւ ամեն ինչ լուսավորված է լապտերներով:

Նրա խոսքով՝ հնարքի կատարման 17 տարվա ընթացքում դրանում  55 հազար կամավոր է մասնակցել, եւ նրանցից ոչ մեկը չի տուժել: Ինքը՝ Կոպերֆիլդը, հավելել է, որ հնարքից 10 րոպե առաջ օգտվել է այդ նույն միջանցքից, եւ այնտեղ որեւէ վտանգավոր խոչընդոտ չի եղել:

Չնայած Գեվին Քոքսի եւ եւս երեք տուժած հանդիսատեսի բժշկական փաստաթղթերին (նրանցից մեկը ընկել էր եւ քերծել էր ծունկը)՝ ժյուրին որոշում է կայացրել, որ բրիտանացին ինքն է մեղավոր ստացած վնասվածքների համար: