ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն դրական է գնահատել Նյու Յորքում Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլի հետ աշխատանքային ընթրիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կիմ Յոն Չհոլի հետ աշխատանքային լավ ընթրիք այսօր երոեկոյան Նյու Յորքում: Ճաշացանկում էին սթեյք, եգիպտացորեն եւ պանիր»,- գրել է նա Twitter-ի իր էջում՝ գրառմանը հավելելով 2 լուսանկար, որոնցից մեկում սեղմում է իր զրուցակցի ձեռքը:

Associated Press-ը հայտնել է, որ աշխատանքային ընթրիքը տեւել է մոտ 1,5 ժամ: Պոմպեոն եւ Կիմ Յոն Չհոլը հանդիպել են Մանհեթենի հյուրանոցներից մեկում: АР-ն եւ ամերիկյան մյուս լրատվամիջոցները հյուրանոցի անունը չեն հրապարակում, դեռեւս տեղեկություններ չկան ԱՄՆ պետքարտուղարի եւ Հյուսիսային Կորեայի էմիսարի զրույցի բովանդակության մասին:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել էր, որ Մայքլ Պոմպեոն Կիմ Յոն Չհոլի հետ նախ աշխատանքային ընթրիք կունենա: Այնուհետեւ հինգշաբթի նրանց սպասում է «հանդիպումների ամբողջական օր»: Yonhap News գործակալությունը նշել է, որ Կիմ Յոն Չհոլը Պոմպեոյին հանդիպում է քննարկելու համար Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ գագաթնաժողովի վերջին նախապատրաստությունները:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախկինում Կիմ Յոն Չհոլին ներառել էր պատժամիջոցային ցուցակի մեջ՝ Փհենյանի կողմից միջուկային զենքի մշակման հետ կապված գործունեությանը մասնակցելու համար: Չորեքշաբթի Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը անուղղակի հաստատել էր, որ նրան պատժամիջոցներից հանել են բանակցություններ վարելու համար: Ինչպես նշել է Washington Post պարբերականը, Պոմպեոն նրա հետ արդեն 2 անգամ հանդիպել է՝ ապրիլին եւ ընթացիկ ամսին, երբ մեկնել էր Փհենյան: