Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փհենյանում բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ընթացիկ տարում բարձր մակարդակով հանդիպման անցկացման մասին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Կիմ Չեն Ընը ՌԴ ԱԳ նախարարի հետ ունեցել է «բարեկամական եւ օգտակար զրույց»:
«Զրույցի ընթացքում նրանք պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով շփումները, տարբեր ոլորտներում փոխանակումը եւ համագործակցությունը, մասնավորապես՝ այս տարի, երբ նշվելու է 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը, անցկացնել Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարների հանդիպում՝ կորեա-ռուսական հարաբերությունների ռազմավարական եւ ավանդական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով, ըստ 2 կողմերի շահերի եւ նոր դարաշրջանի պահանջների»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Կիմ Չեն Ընի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ քննարկվել է Կորեական թերակղզու եւ տարածաշրջանի իրավիճակը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ «Կորեական թերակղզու ապամիջուկայնացման իր երկրի կամքն անփոփոխ է, հետեւողական եւ հաստատուն» եւ նշել, որ «ցանկանում է բոլոր կողմերի շահերին համապատասխանող լուծումների ճանապարհ գտնել»:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը «խնդրել է երախտագիտության ողջույն փոխանցել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ շնորհակալություն է հայտնել «չափազանց ջերմ ուղերձի համար»:




























