Սպիտակ տանը տեղյակ չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական նամակի բովանդակությանը, սակայն անհամբերությամբ են սպասում այն ստանալուն, հայտնում է «ԻՆտերֆաքսը»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին լրագրողներին հայտնել է, որ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի փոխնախագահ, գեներալ Կիմ Յոն Չհոլը ուբաթ Վաշինգթոնում Թրամփին կփոխանցի հյուսիսկորեացի առաջնորդի նամակը:
Հարցին՝ հայտնի՞ է արդյոք դրա բովանդակությունը, Հիդլին բացասական պատասխան է տվել. «Ո՛չ: Դա կնքված նամակ է, ես այն չեմ տեսել»:
Ըստ որում՝ նա հավելել է, որ Սպիտակ տունն «այդ նամակին անհամբերությամբ է սպասում եւ ձգտում է աշխատել վերջնանպատակի՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվել են՝ Թրամփն արդյոք ծրագրում է հրապարակել բովանդակությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կլինի: Հիդլին ասել է, որ «չի կարող կանխատեսել, թե նախագահն ինչ է պատրաստվում անել»:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցրել են ԱՄՆ առաջնորդի արձագանքի մասին Հյուսիսային Կորեա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին: Հիդլին պատասխանել է, որ «նախագահի հետ այս թեմայով ուղղակիորեն չի խոսել»: «Ես տեղյակ եմ, որ հիմա նրա հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր հանդիպման վրա»,- հավելել է նա:





























