Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում սպասվում են լուրջ վերադասավորումներ, ընդ որում՝ թե կուլիսային, թե անդրկուլիսային։ Լուրեր են շրջանառվում, թե խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները մտադիր են նոր քաղաքական միավորում ձեւավորել այն քաղաքական ուժերից, որոնց հասարակական աջակցության տոկոսը շատ ցածր է, հազիվ 1-2 տոկոս: Կարծիք կա, որ այդ ուժերը կարող են անգնահատելի ծառայություն մատուցել իշխանություններին, եթե դրանք միավորեն։

Խոսքը Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ի, Արշակ Սադոյանի ԱԺԴ-ի, Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ի, եւ ընդամենը օրերս կուսղեկ ընտրված Էդվարդ Անտինյանի ՀՌԱԿ-ի մասին է։ Չի բացառվում, որ նոր դաշինքում ներգրավվի նաեւ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը։     

Թեեւ քաղաքական համապատասխան կոնսուլտացիաներն այդ ուղղությամբ դեռեւս չեն մեկնարկել, սակայն դաշինքի պոտենցիալ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոմանք, ինչպես պարզեց NEWS.am-ը, դեմ չեն միավորվելուն։ «Ազգային միաբանության» քարտուղար Ալեքսան Կարապետյանն օրինակ, նախ շեշտեց, թե ԱՄ-ն պատաստվում է ընտրություններին, բայց ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական։ «Մենք հաջորդ ընտրություններին պատրաստվում ենք 2007 թվականից եւ մեծ հույսեր ունենք, որ բարձր տոկոսներ ենք ունենալու։ Առաջինը՝ 5 տոկոսի շեմը հաղթահարելու մասին է խոսքը, հետո էլ ինչքան կարող ենք, այնքան կբարձրացնենք»: Թե ի՞նչ կերպ է տեղի ունենում այդ՝ «ինչքան կարող ենք, այնքան կբարձրացնենք»-ը, բոլորին է հայտնի։ 

Ինչ վերաբերում է վերոնշյալ ուժերի հետ դաշինք ձեւավորելուն, ապա Կարապետյանն ահա թե ինչ ասաց. «Մենք դեմ չենք որեւէ դաշինքի ստեղծմանը, որը կծառայի ի փառս ժողովրդի ապագայի՝ անկախ նրանց կուսակցական պատկանելության։ Եթե կան շփման ուղղություններ, որոնց միջոցով կարող ենք ժողովրդի վիճակը բարելավել, մենք պատրաստ ենք այդպիսի դաշինքների։ Կարող ենք քննարկել այդ հարցը»:

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն էլ հայտարարեց, թե նման դաշինքի ձեւավորման մասին իրեն որեւէ բան հայտնի չէ, եւ բացի այդ՝ չի տեսնում նման պրոյեկտի ձեւավորման հավանականությունը։ Ըստ նրա՝ նախ պետք է նշված կուսակցությունների միջեւ քաղաքական քննարկում գնա այն մասին, թե ինչպիսին են տեսնում Հայաստանի ապագան, ինչից հետո միայն կարող է տեղի ունենալ դաշինքի ձեւավորումը. «Ես պարբերաբար հայտարարել եմ, որ Հայաստանում երկու ուժ է ընտրություններին առանձին մասնակցելու՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ Իսկ մնացած կուասկցությունները պետք է որոշում կայացնեն եւ ընտրություններին գնան  նախընտրական դաշինքներով»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ըստ ՀՌԱԿ ատենապետի, ՀԱԿ-ը կռիվ է տալիս «Ժառանգության» խորհրդարանական տեղերի համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանալու են 2012թ. գարնանը: Այժմ Հայաստանի 131-տեղանոց խորհրդարանում գործում են հինգ խմբակցություններ: Մանդատների մեծ մասը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, որին հաջորդում են «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունները: Ընդդիմադիր Հայ ազգային  կոնգրեսը խորհրդարանում ներկայումս ներկայացված չէ: