Թերթը գրում է. «Այս տարի ՀՌԱՀ կայացրած որոշումները ոչ միայն աբսուրդ էին, այլեւ անհասկանալի: Մինչ երեկ բոլորը կարծում էին, որ «Շողակաթն» ու «Արարատ» հեռուստաընկերությունները միավորվում են, ստեղծելով մեկ միասնական կրոնա-մշակութային հեռուստաալիք: Սակայն պարզվում է, որ ՀՌԱՀ կայացրած որոշման համաձայն «Շողակաթը» հեռարձակվելու է «Արարատ» հեռուստաընկերության հաճախականությամբ: Թե ՀՌԱՀ-ն ինչ է որոշելու միակ մշակութային հեռուստաալիքի կապակցությամբ` հայտնի չէ: «Արարատի» հետագա ճակատագրի վերաբերյալ տեղյակ չէ անգամ հեռուստաալիքի տնօրեն, գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: «Եթե հաստատ իմանայի, թե ինչ է կատարվում, կասեի: Արդեն մեկ ամիս է, անորոշ վիճակ է, Արարատի հետագա կարգավիճակը մշուշոտ է: Ես ոչինչ չգիտեմ», ասել է նա:

…Եթե «Արարատ» հեռուստաընկերությունը հրաժեշտ տա եթերին, ապա որոշման հետեւանքով ստեղծագործական կազմի 44 աշխատակից կհամալրեն գործազուրկների բանակը:

…Թե ինչպես է գնահատում հեռուստաալիքների ծրագիրն ու արտադրանքը ՀՌԱՀ հանձնաժողովը` չափազանց դժվար է պատկերացնել: Բյուջեից սնվող Հանրայինի եթերում քիչ են բարձր մակարդակի մշակութային հաղորդումները: Կամ Աշոտ Ղազարյանն է արդեն հնացած հումորներ անում կամ տեղական արտադրության սերիալներով են փակում եթերաժամը, ինչ վերաբերում է Հանրայինի լրատվականին, ապա բոլորին էլ հայտնի է, «Հայլուրը» դիտելուց քեզ զգում ես Շվեյցարիայում, հաշվիդ էլ ունես մի քանի միլիոն եվրո:

Հայկական երկրորդ հեռուստաալիքն էլ ռաբիս երաժշտությունից, ռեստորանային երգիչների նվիրված հաղորդումներից, «Բնակարան N3» տափակ հեռուստասերիալից բացի որեւէ այլ բան չի ներկայացնում: Հիմնականում զվարճալի հաղորդումների ու սերիալների վրա է կառուցված նաեւ Արմենիայի եթերը:

Հասկանալի է, ՀՌԱՀ-ը չի կարող նման հեռուստաընկերություններին եթերից զրկել: Չէ որ նրանցից յուրաքանչյուրի մեջքին էլ մարդ կա կանգնած, բայց գոնե կարող է սանկցիաներ կիրառել, փորձել բարելավել ու դրական փոփոխություններ մտցնել հեռուստատեսության ոլորտում: Դրա փոխարեն ՀՌԱՀ-ը շարունակում է իր վնասակար քաղաքականությունը, եթեր տրամադրելով ռաբիսին, տգիտությանը, էժանագին ու մարդկանց նյարդեր սղոցող սերիալներին»: