Վայոց ձորի մարզը գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ԻՖԱՏ միջազգային կազմակերպության հետ համաձայնություն է ձեռք բերել պտղաբուծության զարգացման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը։ Նա նշեց, որ ծրագիրը, որը նախատեսում է մեկ տարվա ընթացքում 20 միլիոն դոլարի ներդրում, կիրականացվի այս տարվա փետրվար ամսից։ Ծրագրով նախատեսվում է պտղաբուծության առումով զարգացած երկրներից տնկիներ ներկրել, որոնք կտնկվեն մարզում արդեն իսկ առանձնացված հողատարածքներում: Մեկ հեկտար հողատարածքի վրա նախատեսվում է 3000 տնկի տնկել, ինչն աննախադեպ է։ Մարզպետի խոսքով՝ ծրագրի իրականացման դեպքում մարզը կունենա եվրոպական ստանդարտներին համապատասխան պտուղների մեծաքանակ արտադրություն: Հողատարածքներում, որտեղ պետք է տնկվեն տնկիները, աշխատելու են դրանց սեփականատեր գյուղացիները, ովքեր աշխատավարձ կստանան դրա դիմաց։ Իսկ հինգ տարի հետո, երբ արդեն հնարավոր կլինի բերք ստանալ, նրանք կկարողանան բերքի վաճառքի շնորհիվ մարել ծրագրի համար ներդրված գումարները։
Բացի այս ծրագրից, մարզպետի խոսքով, իրենք դիմել են կառավարությանը՝ մարզում անասնապահության զարգացման ծրագիր իրականացնելու առաջարկով: Կառավարությունը դեռեւս չի պատասխանել առաջարկին, սակայն մարզպետը հույս ունի, որ այս ծրագրի իրականացմամբ մարզում կզարգանա նաեւ անասնապահությունը։
Հաջորդ ծրագիրն առնչվում է Վայոց ձորի մարզում հանքարդյունաբերության զարգացմանը։ Մարզպետի խոսքով՝ ներկայումս ուսումնասիրվում է մարզի Խաչիկ գյուղի շրջակայքում կվարցիտի հանքի հայտնաբերման հնարավորությունը: Կվարցիկը ապակու հումքն է, որն շատ մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում։ «Եթե հանքի գոյությունը հաստատվի, կսկսվի դրա շահագործումը, ինչը շատ նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ Խաչիկ գյուղում աշխատատեղերի ապահովման համար»,-հայտարարեց Բագրատյանը։ Նա նաեւ նշեց, որ քննարկվում է նաեւ մարզում փոքր ՀԷԿ-երի կառուցման հնարավորությունը։ մարպետի խոսքով՝ ՀԷԿ կառուցելու նպատակով ներկայացված 17 ծրագիր արդեն հաստատվել է, հաստատման փուլում է եւս 6-ի կառուցումը։





























