Տնտեսական Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին որոշում է կայացրել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Մարիաննա» ընկերության դեմ վարույթ իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հանձնաժողովի  մամուլի պատասխանատու Նելլի Դանիելյանը։ Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթ իրականացնելու որոշման պատճառը եղել է «Մարիաննա»-ի կողմից հայտարարված գովազդային ակցիան։ Ըստ այդմ՝ գնելով ընկերության արտադրած  5 հատ պանրիկ, գնորդները  ստանում են 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված ակնոցներ: Սակայն  բազմաթիվ անձինք պնդում են, որ այդ ակնոցները չեն ընձեռում այդ ֆիլմերը դիտելու հնարավորություն։ ՏՄՊՊՀ-ն վարույթի որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով մամուլի  հրապարակումները, որոնցում քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում 3D ակնոցների վերաբերյալ։  «Ըստ մամուլի ահազանգերի գովազդում ներկայացվող եւ իրականում մատուցվող ծառայությունները միմյանց չեն համապատասխանում։ Վարույթի նպատակը իրողությունը պարզելն է»,- ասաց Դանիելյանը:

NEWS.am-ը փորձեց այս մասին պարզաբանում ստանալ նաեւ «Մարիաննա»-ից։ Ընկերության փոխտնօրեն Տաթեւիկը (նա իր ազգանունը չցանկացավ հայտնել) ասաց, որ պաշտոնական գրություն դեռեւս չեն ստացել ՏՄՊՊՀ-ից։  Նա նշեց, որ  վարույթի մասին տեղյակ է միայն մամուլից՝ ագրեսիվ տոնով հայտարարելով, թե  «բոլորն ամեն ինչ անում են արտադրողին խանգարելու համար»։

«Ամեն լծակ օգտագործում են դրա համար, իսկ թե ինչ ենք արել՝ ես չգիտեմ։ Դե թող իրանք իրանցը անեն, մենք կտեսնենք»,-հայտարարեց ընկերության փոխտնօրենը։  

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն արդեն այսօր դիմելու է «Մարիաննա»-ին`համապատասխան տեղեկատվություն ստանալու համար: Ըստ օրենքի`90 օրվա ընթացքում «Մարիաննա» ընկերությունը պետք է ներկայացնի պահանջվող տեղեկատվությունը, այնուհետեւ հանձնաժողովը կքննի դրանք եւ կկայացնի համապատասխան որոշում: Եթե պարզվի, որ իրոք կան խախտումներ, հնարավոր է նաեւ պատժամիջոցների կիրառում այդ ընկերության նկատմամբ։