Կրթական պայմանների բարելավում պահանջող ֆրանսիացի ավագ դպրոցականներն ու ուսանողները չեն դադարեցնում բողոքի շարժումը, հայտնում է «Parisien» թերթը։
«Մայրաքաղաքում ներկայումս արձանագրվում են շրջափակման մի քանի դեպքեր կամ դրանց փորձեր», — գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ երկուշաբթի օրը Փարիզում հաստատությունների աշխատանքը խաթարելու փորձերը հարվածել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտին, «Փարիզ III Նոր Սորբոն» համալսարանի մասնաշենքին, ինչպես նաև Լատինական թաղամասում գտնվող Սորբոնի պատմական շենքին։
Խաթարվել է նաև «Փարիզ-Սիտե» բուհի բժշկական ֆակուլտետի մասնաշենքի և Էլեն-Բուշեի անվան լիցեյի աշխատանքը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ շրջափակումը տարածվել է նաև Մարսելի «Էքս-Մարսել» համալսարանի մասնաշենքերի և Տուլոնի ձեռնարկությունների կառավարման ինստիտուտի վրա։
Տեղ-տեղ հաղորդվում է իրավապահների հետ բախումների մասին։ Այսպես, Մերինյակի Ֆերնան Դագենի անվան լիցեյի մոտ ընթացող ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ցուցարարները կիրառել են հրագործական միջոցներ և կրակ վառել ճանապարհին։
Շարժման մասնակիցները սովորողներին կոչ են անում չդադարեցնել բողոքի ակցիաները և միանալ հոկտեմբերի 13-ին նախատեսված զանգվածային ցույցին։
Ֆրանսիայում ավագ դպրոցականները մի քանի շաբաթ շարունակ զանգվածաբար բողոքում են ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների պատճառով։ Որոշ ակցիաներ ուղեկցվել են անկարգություններով։





























