Անցյալ տարի Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց վարկային համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվեց 250 միլիոն դոլարի վարկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 12-ին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ տարին չբոլորած՝ Հայաստանը նորից որոշել է նույնչափ գումարի վարկային պարտավորություն ստանձնել՝ դարձյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանաշինության հարցը լուծելու համար։
«Այդ միջոցները մեկ տարում սպառվեցի՞ն։ Ծրագիրը պատշաճ իրականացվե՞ց, ու դրա համար հիմա որոշեցինք նոր վարկ ձևակերպել», — ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը, մասնավորապես, խնդրեց պարզաբանել, թե ինչպես են օգտագործվել վերոնշյալ միջոցները վերջին մեկ տարվա ընթացքում, եթե բնակարան է կարողացել ձեռք բերել ընդամենը շուրջ 5000 ընտանիք։
«Վստահ եմ, որ այդ փողերը չեն ուղղվել 5000 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելուն։ Այդ դեպքում ինչո՞ւ էր անհրաժեշտ էլի 250 միլիոն դոլարի վարկ ձևակերպել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրական 1,1 միլիարդ դրամ են վճարում միայն վարկերի տոկոսագումարների տեսքով, և սա խայտառակություն է», — նշեց ընդդիմադիր գործիչը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն իր հերթին նշեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 880 միլիոն դոլար։
«Նման մասշտաբի ծրագրի իրականացումը պահանջում է ինչպես պետական բյուջեի միջոցների ներգրավում, այնպես էլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցություն», — պարզաբանեց կառավարության ներկայացուցիչը։
Նրա փոխանցմամբ՝ տվյալ ծրագիրը համադրում է վարկային և դրամաշնորհային ֆինանսավորումը՝ միջոցներն ուղղելով ինչպես բնակարանային աջակցությանը, այնպես էլ համակարգային բարեփոխումներին։
«Դրամական աջակցության ստացող կդառնա 45 հազար տեղահանված անձ։ Եվս 6500 ընտանիք կստանա բնակարանի ձեռքբերման հավաստագիր», — հայտնեց փոխնախարարը։




























