G7 առաջնորդները միաձայն աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու նպատակով Սինգապուր մեկնելուց առաջ։ Այս մասին հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը G7 գագաթաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լավ հնարավորություն ունենք խոսել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ մինչեւ նա կմեկնի Սինգապուր՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների ու նրան հայտնել մեր աջակցությունը»,- ասել է նա։
ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթաժողովը կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում։ Այնտեղ երկու պետությունների ղեկավարները պետք է քննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հեռանկարները։ Հինգշաբթի Թրամփը հայտնել է, որ գագաթաժողովին բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտված են։ Նա նաեւ չի բացառել հանդիպման արդյունքներով՝ 1950-1953 թթ Կորեական պատերազմի ավարտի մասին պայմանագրի ստորագրումը։





























